Ով մնա Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը նրա նկատմամբ գործողություն է իրականացնելու։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը քիչ առաջ զայրացած մոտեցել է ցույցի նաախձեռնող խմբին։ (ֆոտոռեպորտաժ)
Ոստիկանապետը չափազանց զայրացած էր, եւ սպառնաց, որ մնացողների նկատմամբ գործողություն են իրականացնելու։ Ցուցարարներից մեկի «Ո՞ր իրավունքով» հարցին Գասպարյանը պատասխանեց. «Այն իրավունքով, որ օրենքն է տվել ինձ»։
Իրավապահները նաեւ քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Բաղրամյան պողոտայից դուրս բերել դեռահասներին եւ երեխաներին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը վերականգնելու է հասարակական կարգը։
Ոստիկանությունը նաեւ Բաղրամյան պողոտա բարձրախոսներով մեքենա է բերել։
«Մոտ մեկ շաբաթ դուք անօրինական փակել եք Բաղրամյան պողոտան։ Ոստիկանությունը դրսեւորել է հանդուրժողականություն։ Այն քաղաքացիներին, որոնք մնացել են այստեղ, կոչ եմ անում դադարեցնել անօրինական գործողությունները, ազատեք պողոտան եւ հեռանալ, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել ֆիզիկական ուժ։ Եւս մեկ անգամ զգուշացնում եմ՝ սթափվեք եւ հեռացեք»,- բարձրախոսով հայտարարել է Վալերի Օսիպյանը։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, նշեց, որ ոստիկանությունը իրավունք չունի բռնություն կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ փոխոստիկանապետը պնդում էր, թե հավաքը խաղաղ չէ։
Նշենք, որ քաղաքական գործիչները եւ հայտնի անձինք այս պահին պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ թույլ չտալու բռնությունները։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մի մասը մերժել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ Ազատության հրապարակ գնալու առաջարկը եւ «Բաղրամյան, Բաղրամյան» վանկարկելով որոշել է մնալ պողոտայում։ Ցուցարարների մի փոքր մասն էլ ուղեւորվել է Ազատության հրապարակ։











