Դաշնակցության օրակարգում այսօր չկա կառավարության հրաժարականի պահանջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց, ՀՅԴ-ն, օգտվելով  սոցիալ-տնտեսական բնագավառում կառավարության ձախողումներից, սեպտեմբերից պատրաստվում է պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա նախարարական թիմի հրաժարականը:

«Դաշնակցությունը, պարբերաբար, հանդես է եկել կառավարության գործունեության վերաբերյալ քննադատությամբ եւ մեր տեսակետները հայտնի են: Ինչ վերաբերում է մամուլի վերջին հրապարակումներին՝ հրաժարականի հետ կապված, երեւի թե այդ տեղեկությունը պեղել են սուրճի բաժակից»,-արձագանքեց ԱԺ ՀՅԴ քարտուղարը: Նա նշեց, որ լինելով ՀՅԴ խմբակցության քարտուղար՝ կառավարության հրաժարականի պահանջի մասին չի լսել: «Տեսականորեն չի բացառվում, որ  այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մենք տեսնեք, որ իսկապես տնտեսական ճգնաժամ կա, կոռուպցիան չի հաղթահարվում, եւ դնենք այդ հարցերը: Բայց այսօր կոնկրետ որոշված, ժամանակացույցով նախատեսված հրաժարականի հարց կուսակցությունում դրված չէ»,-նկատեց Շահբազյանը:

Հարցին, թե սոցիալ-տնտեսական ներկայիս իրավիճակը, կոռուպցիայի մակարդակը բավարար չե՞ն կառավարության հրաժարականը պահանջելու համար, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Նշված հարցերի հետ կապված մտահոգություն մենք միշտ հայտնել ենք: Բայց այդ հարցերը լուծելու համար Դաշնակցությունը օրակարգային չի համարում կառավարության հրաժարականը պահանջելը»: