«Հայկական ժամանակ» թերթը որոշ տեղեկություներ է հրապարակել Թուրքիայում կորած ՀՀ քաղաքացի Աննա Դավթյանի մասին: Ըստ այդմ՝ նա անցյալ տարի էր ամուսնացել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա ամուսինը սփյուռքահայ է, ապրում է Անգլիայում, հաճախ մեկնում է Դուբայ։ «Ամուսինները որոշել էին մեկնել Անթալիա՝ հանգստանալու։ Հուլիսի 15-ին Աննան Հայաստանից էր մեկնել Թուրքիա, ամուսինը՝ Անգլիայից։ Հուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչեւ ավտոկայան, որտեղից Աննան ավտոբուսով պետք է վերադառնար Հայաստան։ Ինքն էլ իր հերթին ինքնաթիռով վերադարձել էր Անգլիա։ Ավտոկայանից Աննան զանգահարել է մորը եւ ասել, «Մամ, գալիս եմ»: Դրանից հետո երիտասարդ կնոջը ոչ ոք այլեւս չի տեսել։ Ըստ որոշ տեղեկությունների, ամուսինների բաժանումից որոշ ժամանակ անց Աննայի ամուսինը Անգլիայից զանգահարել է մորը եւ հարցրել, թե արդյոք Աննան նորմա՞լ է տուն հասել, մայրն ասել է, որ աղջիկը չի հասել: Հարազատները զանգահարել են Աննայի բջջային հեռախոսին, սակայն հեռախոսազանգերին որեւէ մեկը չի պատասխանել։

Աննայի անհետանալուց մոտ 15 օր անց երիտասարդ կնոջ դիակ է հայտնաբերվել Թուրքիայի քաղաքներից մեկում։ Դիակը հայտնաբերել են ընկույզ հավաքողները։ Կնոջ դին գտել են ճահճուտում, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին։ Գտնված դիակի դեմքն այն աստիճան այլայլված է եղել, որ հնարավոր չի եղել նրան ճանաչել։ Երբ Աննայի մայրը՝ Կարինե Դավթյանն այցելել է դիահերձարան՝ դիակը ճանաչելու, այն գրեթե ամբողջությամբ փակված է եղել։ Մորը թույլ են տվել նայել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը։ Դրանից հետո մայրն ասել է, որ հնարավոր է, որ դա իր դուստրը լինի։ Դավթյանների ընկերներից մեկի փոխանցմամբ, երբ տիկին Կարինեն այցելել է դիահերձարան՝ աղջկա դեմքը փակ է եղել թերթով։ Սակայն մի պահ թերթը վայր է ընկել, մայրը տեսել է այլայլված դեմքը եւ ուշագնաց եղել»,-գրում է թերթը:

Նշենք, որ Թուրքիայում սպանված Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանի ծնողները օգոստոսի 8-ի երեկոյան վերադարձել են Հայաստան: Ծնունդով չարենցավանցի 29-ամյա Աննա Դավթյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 17-ին, անհետ կորել էր: Դստերը գտնելու նպատակով, Թուրքիա էին մեկնել Աննայի ծնողները: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցին  հայտնել էր, որ Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը, սակայն դին այնքան այլանդակված է եղել, որ հարկավոր է ԴՆԹ-ի անալիզ անցկացնել, որի արդյունքները պարզ կլինեն երկու ամսից:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում՝ դիակը վերադարձնելու ուղղությամբ: