Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինատեսակների մատակարարումը զուտ տնտեսական գործարք է: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Նա համաձայն չէ տեսակետին, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումով խախտվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը:

Խաչատրյանի խոսքով՝ այդ հավասարակշռությունը վաղուց է խախտվել, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը խոշոր գումարներ է ներդնում պաշտպանության ոլորտում: Ըստ պատգամավորի՝ C-300 համակարգերը կհամալրեն Ադրբեջանի պաշտպանական համակարգը, սակայն դրանից այդ երկրի  ռազմական առավելությունը չի մեծանա: Վարդան Խաչատրյանը համամիտ չէ նաեւ այն կարծիքին, ըստ որի՝ նշված համակարգերը Ադրբեջանին վաճառելով՝ Ռուսաստանը խրախուսում է ագրեսոր երկրին։ Պատգամավորը անընդունելի համարեց նաեւ, նշված համակարգերի վաճառքի խնդիրը դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կատարված դավաճանություն։ Ըստ նրա, հայկական կողմը երբեք չի քննադատում այլ երկրների, որոնք նույնպես զենք են վաճառում Ադրբեջանին, օրինակ՝ Իսրայելին կամ ԱՄՆ-ին:

«Ես չեմ գտնում, որ այդ քննադատությունը ինչ–որ տեղ տանող ճանապարհ է»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ զինատեսակի մատակարարման վերաբերյալ պետք է լսել Ռուսաստանի կարծիքը եւս: Խաչատրյանն, այնուամենայնիվ հիշեցրեց, որ C-300 համակարգերի վաճառքի մասին լուրը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ եւ դա, հնարավոր է, ընդամենը տեղեկատվական արտահոսք է՝ որոշ շրջանակների վրա ազդելու եւ նրանց ինչ-որ բաներ հասկացնելու համար: