«Ես շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում եւ չէի սպասում մամուլի ասուլիսում այսքան մարդ տեսնել: Վաղուց էի ցանկանում համերգ անցկացնել Երեւանում, սակայն բոլոր այդ փորձերը չեն հաջողվել, բայց ուրախ եմ, որ վերջապես հաջողվել է համերգ կազմակերպել»,-այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը:
Նրա խոսքով, իր Elect the dead symphony ձայներիզի եվրոպական շրջագայության շրջանակներում, շատ լավ նվագախմբերի հետ է երգել: «Ես հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ կերգեմ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- ասել է նա: «Որոշ ժամանակ առաջ ես փորձեցի համերգ տալ Երեւանում, սակայն անբարենպաստ հանգամանքների պատճառով մեզ դա չհաջողվեց: Այս անգամ մեր բախտը բերել է անել դա Imperfect Harmonies շրջագայության շրջանակներում: Ճիշտն ասած, ես կուզենայի ավելի շուտ գալ, կամ մնալ համերգից հետո, որպեսզի այստեղ ավելի երկար ժամանակ անցկացնեի»,- ասել է Թանկյանը եւ հավելել, որ Հայաստան կգա ավելի ուշ:
Թանկյանը նկատել է, որ արդեն հասցրել է լինել Հայաստանի մի քանի շրջաններում եւ իրեն շատ դուր է եկել հայկական բնությունը: Նա նաեւ նշել է, որ մասնակցելու է Գյումրիում երաժշտական դպրոցի վերականգման նախագծին:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Սերժ Թանկյանի համերգը սկսվելու է ժամը 20:10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացի երգչի խմբի անդամներից, 8 երաժիշտներ դասական գործիքներ են նվագելու՝ ռոքը համադրելով դասականի հետ: Համերգի հովանավորը «Ինգո-Արմենիան» է: Սերժ Թանկյանը ճանաչում է ստացել System of a Down կուլտային խմբի կազմում իր ելույթներով:




























