Ընդամենը մեկ ամսից ԼՂՀ Ազգային ժողովը կունենա իր կայքէջը, որը կարող է դառնալ օրենքների նախագծերի քննարկումների եւ կարծիքների արտահայտման հարթակ: Այս մասին Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնում, BarCampArtsakh 2010-ի մասնակիցների հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով`ԱԺ կայքէջի միջոցով ԼՂՀ քաղաքացիները հնարավորություն կունենան հարցեր տալ  եւ նամակներ ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովին:

ԱԺ նախագահը նշեց նաեւ, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ղարաբաղում ինտերնետի որակի լավացման եւ սակագների նվազման համար: «Վստահ եմ՝ շուտով այս բոլոր հարցերի լուծումից հետո Ղարաբաղում ինտերնետը ոչ միայն մատչելի կլինի, այլեւ դրան զուգահեռ կավելանա նաեւ ինտերնետից օգտվողների թիվը»,- ասաց Ա. Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ նախագահը, խոսելով ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, ասաց, որ ՏՀՏ զարգացումը կրկնակի կարեւոր է ԼՂՀ-ի համար` Ղարաբաղը արտերկրում ճիշտ ներկայացնելու առումով: