«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պահանջագիր հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն: (ֆոտոռեպորտաժ)

Ակցիայի մասնակիցները մինչեւ նամակ հանձնելը բարձրաձայն ընթերցեցին դրա բովանդակությունը, ապա ակտիվիստներից 3-ը նամակը հանձնեցին դատախազության շենքում:

Դիմում նամակի մեջ ակցիայի մասնակիցները ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու իրենց պահանջը հիմնավորող իրավական կետեր էին ներկայացել: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ, իրավաբան Արա Ղարագյոզյանը, հունիսի 23-ին խախտվել է խաղաղ հավաք անցկացնելու քաղաքացիների իրավունքը:

«Մենք նամակում նշել ենք, որ անձանց անօրինական կերպով պահել են ոստիկանությունում, ինչը քրեական պատասխանատվությոըւն է առաջացնում, ինչպես նաեւ խոչընդոտվել է խաղաղ հավաքը, իսկ ՄԻԵԴ-ն ասում է, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պետք է աջակցի»,-ասաց Արա Ղարագյոզյանը :

Արա Ղարագյոզյանը նշեց, որ նամակում ներկայացրել են այն օրենքը, ըստ որի եթե ոստիկանը գործողություն է իրականացնում, պետք է լինի ոստիկանական զգեստով, որի վրա գրված լինի ոստիկանություն, 

Ակտիվիստների խոսքով՝ եթե հավաքին  մասնակցում են անչափահասներ, ոստիկանությունը իրավունք չունի հատուկ միջոցներ կիրառել:

Այսքանով «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիան դատախազության մոտ ավարտվեց:

Հիշեցնենք, որ  հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար: Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: