Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության ձեռքբերումից հետո բրիտանական «The Guardian» պարբերականը հարցազրույց է վերցրել իրանական մի քանի քաղաքական գործիչներից:

Բարեփոխականներին մոտ կանգնած Թեհրանի նախկին քաղաքապետ Գոլամհոսեյն Կարբասչին ընդգծել է համաձայնագրի կարեւորությունը՝ նշելով, որ այն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան 1988 թվականի զինադադարը Իրաքի հետ ութամյա պատերազմից հետո: «Սա նոր հնարավորություն է ե՛ւ Իրանի, ե՛ւ ամբողջ աշխարհի համար: Հիմա աշխարհը կարող է նոր գործընկեր գտնել մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման հարցում: Իրանը նաեւ հնարավորություն կստանա իրական քայլեր ձեռնարկել պատժամիջոցների հետեւանքով առաջացած իր տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:

Թեհրանի համալսարանից սոցիոլոգ, բարեփոխականների կուսակցության բարձրաստիճան անդամ Համիդրեզ Ջալայպուրն էլ ասել է, որ Ռոուհանիին հաջողվեց կատարել միջուկային թղթածրարի հարցը լուծելու՝ իր նախընտրական խոստումը, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդիկ 2013 թվականի նախագահական ընտրություններում քվեարկեցին նրա օգտին:

Քաղաքական ազդեցիկ մեկնաբան, Թեհրանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սադեղ Զիբակալամը հայտարարել է. «Առաջիկա տարիներին մարդիկ համաձայնագրի մասին խոսելու են՝ որպես Իրանի ժամանակակից պատմության հիմնաքարի մասին: Իրավիճակը տնտեսական իմաստով պետք է դեպի լավը փոխվի: Սակայն քաղաքական ճակատում ավելի դժվար է»: Զիբալակալամը եւ բարեփոխականներ ենթադրում են, որ գործարքը ոչ միայն կբարձրացնի Ռոուհանիի ժողովրդականությունը, այլեւ կերաշխավորի 2017 թվականի ընտրություններում երկրորդ ժամկետով ընտրվելու նրա հնարավորությունը:

ՄԱԿ-ում Իրանի նախկին դեսպան Սադեկ Հարազիի խոսքով էլ, գործարքը կնվազեցնի տարածաշրջանում լարվածությունը եւ «նոր հնարավորություններ կստեղծի Մերձավոր Արեւելքում կրակը հանգցնելու միջոց գտնելու համար»: