Իրանի հարցով համաձայնությունը կարելի է համարել լավագույն լուրն Իրաքի պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Քեմբրիջի համալսարանի The Global Middle East հրատարակության գրքերի շարքի խմբագիրներից, Լոնդոնյան համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի Իրանի հարցով հետազոտությունների կենտրոնի նախագահ Արշին Ադիբ-Մոգադամը:
«Այս համաձայնությունը կարելի է միայն պատմական համարել: Սա լավագույն լուրն է Իրաքի պատերազմի ավարտից հետո: Եթե երկրի ներքին քաղաքականությունը համապատասխանի այդ որոշումներին, իսկ ռացիոնալ ընտրության ներկայիս նախընտրությունները գերիշխեն նաեւ հետագայում, տեխնիկական լուծումը կհանգեցնի ռազմավարական մերձեցման նաեւ այլ ոլորտներում»,- հավելեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:
Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն:




























