NED tour տուրիստական գործակալությունը  փոխհատուցել է Էլեն Բաբալյանի կրած վնասը, ով օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը վթարի ենթարկված Քոբուլեթի-Երեւան մարդատար ավտոբուսի զբոսաշրջիկներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գործակալության տնօրեն Էդգար Մարտիրոսյանը, նշելով, որ փոխհատուցել է այնքան, որքան պահանջվել է Էլենի կողմից՝ 50 հազար դրամ: Ի դեպ, մինչ այդ Է. Մարտիրոսյանը կտրականապես հերքում էր, որ նման դեպք է եղել: Էլեն Բաբալյանը օգոստոսի 11-ի երեկոյան, Վրաստանի տարածքում վթարի  ենթարկվված Քոբուլեթի - Երեւան մարդատար ավտոբուսի ուղեւորներից մեկն է եղել, ով NED tour գործակալության ծառայությունից օգտված զբոսշրջիկներից էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավտոբուսը Վրաստան-Հայաստան սահմանին չհասած, շեղվել եւ դուրս էր թռել մայրուղուց` հայտնվելով եգիպտացորենի դաշտում: Պատահարը տեղի էր ունեցել վարորդի մեղքով. նա ննջել էր ղեկին: Ավտոբուսի մեջ եղած մոտ 47 զբոսաշրջիկները ստիպված էին եղել ամբողջ գիշերն անցկացնել բաց դաշտում: Նրանցից մի քանիսը ստացել էին թեթեւ մարմնական վնասվածքներ: Մինչեւ լուսադեմ տուրիստական գործակալությունը որեւէ տրանսպորտային միջոց չէր ուղարկել ուղեւորներին տեղափոխելու համար: Էլեն Բաբալյանն եւ իր ամուսինը ստիպված էին եղել տաքսի պատվիրել ու վերադառնալ Երեւան:

Ի դեպ, NEWS.am-ը պարզեց, որ վթարի ենթարկված ավտոբուսը չի պատկանել NED tour գործակալությանը: Ինչպես պարզաբանեց գործակալության տնօրեն Էդգար Մարտիրոսյանը, իրենք սեփական փոխադրամիջոց ընդհանրապես չունեն եւ իրենց հաճախորդների տեղափոխման պայմանագրեր են կնքել վրաստանյան ուղեւորափոխադրող ընկերությունների հետ: Վերջիններից մեկն էլ կազմակերպել էր NED tour-ի ծառայություններից օգտվող ուղեւորների փոխադրումը: Մասնավորապես, պարզվել է, որ տվյալ ավտոբուսը պատկանել է Վրաստանի քաղաքացի Գրիշա Խաչատրյանին: NED tour-ի տնօրենի հավաստմամբ՝ դեպքի կապակցությամբ, վրացական ոստիկանությունն արդեն տուգանել է Գրիշա Խաչատրյանին՝ 2500 լարիի չափով (շուրջ 1350 դոլար): Իսկ վարորդը, որի անունը մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, Էդգար Մարտիրոսյանի հավաստմամբ, փորձառու՝ 30 տարվա  ստաժ ունեցող վարորդ է, ՀՀ քաղաքացի, ով աշխատում է վրացական տրանսպորտային ընկերությունների հետ:

Հ.Գ. Հարկ է նշել, որ Հայաստանից հարեւան երկրներ զբոսաշրջիկներ տեղափոխող տասնյակ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներն ամռան ամիսներին աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Այդ պատճառով էլ հոգնածության ու անքնության հետեւանաքով հաճախ վտանգի են ենթարկում հարյուրավոր մարդկանց կյանքն ու առողջությունը: Դեպի Վրաստան տուրիստներ տեղափոխող ավտոբուսների վարորդները օրական մոտ 600 կիլոմետր ճանապարհ են կտրում եւ այդքան էլ հետ գալիս: Ճանապարհի ընթացքում կանգառները սովորաբար տեւում են շատ կարճ՝ 10-15 րոպե՝ այն էլ ջուր խմելու կամ զուգարան գնալու համար: Այդ է պատճառը, որ անգամ պրոֆեսիոնալ, 30 տարվա փորձ ունեցող վարորդները, փաստորեն, հայտնվում են եգիպտացորենի կամ այլ դաշտերում՝ դրանից բխող հետեւանքներով:

Հեղինե Մանուկյան