Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կազդի հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ նրա հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեյիսին:
Նրա կարծիքով, Հայաստանի հետ լավ հարաբերություններն էլ ավելի կբարելավվեն: Հարցին, ասվածի ֆոնին սպասվո՞ւմ ենբարձր մակարդակի փոխայցելություններ, դեսպանը պատասխանել է, որ առաջիկա մեկ ամսում նախատեսվում է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան, որպես պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցելության: Նրա խոսքով, այդ այցի շրջանակներում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման շինարարության հարցը:
Իրանցի դիվանագետը նշել է մի շարք չիրականացված համատեղ նախագծերի առկայությունը, այդ թվում Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, Հյուսիս-Հարավ մայրուղու նախագիծը: Դեսպանի խոսքով, Հայաստանը կարող է լավ միջանցք լինել, որը Պարսից Ծոցը կկապի Սեւ ծովի հետ: «Շինարարությունը կարող է ժամանակ տեւել, բայց հաղորդակցական ուղիները լուրջ նշանակություն ունեն երկրի տնտեսության զարգացման համար»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ ինչպես ամենուր, այստեղ էլ պետք են ներդրողներ:
Ինչ վերաբերում է նավթավերամշակման գործարանի կառուցմանը, Ռեյիսին հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է մասնակցել այդ նախագծին որպես նավթ մատակարարող, սակայն անհրաժեշտ է լուրջ ներդրող:
Նմանատիպ պատասխան հնչեց նաեւ իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու հնարավորությանը: Նրա խոսքով, այդ հարցով բանակցություններ են տեղի ունեցել, այն քննարկվել է միջկառավարական հանձնաժողովում, եւ դրա իրականացման համար ենթակառուցվածքներ են անհրաժեշտ:





























