Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի համար ձերբակալված երկու լիբանանցիներ կարող են ազատ արձակվել: Ըստ իսրայելական Haaretz պարբերականի, դատապարտյալների փոխանակման մասին նման պայմանավորվածության են եկել Ադրբեջանն ու Իրանը: Պարբերականը նշում է, որ այդ կապակցությամբ լրատվամիջոցների տեղեկությունները հակասական են:

Համաձայն Al-Arabiya մալուխային հեռուստաալիքի՝ լիբանանցիներ Ալի Հասին Նայամ Ադինն ու Մոհամեդ Կարակին, նաեւ 12 իրանցիներ օրերս փոխանակվելու են թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ադրբեջանցի երկու դիվանագետների եւ ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալաեւի հետ, ով Իրանում դատապարտվել է լրտեսության համար: Սակայն, Ադրբեջանի քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը հայտարարել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, Trend գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի արդարադատության նախարարության աշխատակից Զաֆար Գաբարովին, հաղորդել է, թե Ադրբեջանը Իրանին է փոխանցել միայն 12 իրանցի դատապարտյալների, որոնք իրենց պատիժը կրելու են Իրանում: Իսկ երկու լիբանանցիների շարունակելու են մնալ ադրբեջանական բանտում:

Հիշեցնենք, որ Լիբանանի երկու քաղաքացիներ ձերբակալվել էին 2008թ.  եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: «Հըզբոլլահը» դեռ չի մեկնաբանում փոխանակման մասին լուրերը: