Հայ-ռուսական համագործակցությունը դրված է շատ դրական ռելսերի վրա. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը մեր երկիր դրա վառ ապացույցն է։ Օգոստոսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասոիւլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան կարեւորվում է 2 հանգամանքով՝ ռազմաքաղաքական, ինչպես նաեւ տնտեսական ոլորտների համագործակցության խորացմամբ։ «Ռազմաքաղաքական համագործակցության մեջ ամենակարեւորը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր երկրում 49 տարով երկարաձգելն է, ինչպես նաեւ այդ ռազմակայանի գործառույթների փոփոխությունները»,- հստակեցրեց Շարմազանովը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը տարածաշրջանում ուժերի հավասարակշռման խնդիր է լուծում։ «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը մեր ազգային անվտանգության բաղկացուցիչներից է, դրա երաշխիքներից մեկը։ Ո՞ւմ, եթե ոչ Ռուսաստանի ռազմաբազաները պետք է տեղակայված լինեին Հայաստանում»,- հռետորական հարց հնչեցրեց հանրապետական պատգամավորը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության եւ պետական շահերից եւ ի շահ երկու բարեկամ պետությունների է։
Ամփոփելով՝ Շարմազանովը նկատեց, որ ուժեղ եւ կայացած ազգային անվտանգություն ունենալ ցանկացող յուրաքանչյուր երկիր 21-րդ դարում պետք է ներգրավված լինի որեւէ ռազմական բլոկի մեջ. «Բացի հզորագույն երկրներից, աշխարհում չկա մի պետություն, ով իր անվտանգության հարցերն այսօր միայնակ լուծի»,-ավարտեց նա։



























