Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինչ-ինչ դատողություններ անելու փոխարեն, լավ կանի ընթերցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների վերջերս տարածած հայտարարությունը, որտեղ ասված է, որ հարցի լուծման ճանապարհին չի կարելի մի սկզբունքը մյուսից գերակա համարել։ Օգոստոսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ ղարաբաղյան հարցի շուրջ Բաքվում արած հայտարարությունները։
Հանրապետական պատգամավորը Գյուլին խորհուրդ տվեց «քիթը չխոթել» Ղարաբաղի հարցի մեջ: «Փոխարենը նա լավ կանի զբաղվի քրդական եւ կիպրական հարցերի լուծմամբ, ինչպես նաեւ Աղթամարի կղզում շոուներ չկազմակերպի»,- նշեց Շարմազանովը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցը վճռական փուլում է, ՀՀԿ մամուլի քարտուղարը նկատեց, որ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ղարաբաղը դառնա բանակցային լիարժեք կողմ։ «Ալիեւը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում»,- ավարտեց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Բաքու էր մեկնել երեկ՝ օգոստոսի 16-ին։




























