Իրանի հետ Հայաստանի իրականացվելիք ծրագրերը պետք է նախատեսված լինեն առաջիկա տարիների համար։ Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ խնդիրներ դնեն իրենց առջեւ։ Այս մասին օգոստոսի 10-ին «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ, «Հայ-իրանական բարեկամություն» ՀԿ անդամ Գարեգին Չուգասզյանը։
Նրա համոզմամբ՝ Իրանի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորություն է բացվում, որպեսզի Հայաստանի եւ Հարավային Կովկասի շուրջ նույնպես համաձայնագրեր ստորագրվեն։ «Հարավային Կովկասի դերը՝ որպես տարանցիկ տարածք, կտրուկ մեծանում է։ Շահավետ կարող է լինել նաեւ Թուրքիայով տարանցիկ ճանապարհը, սակայն վերջին պայթյուններն ու այդ երկրի շուրջ աշխարհաքաղաքական անկայունությունը խնդիրներ են ստեղծում այդ ճանապարհների հուսալիության առումով։ Այդ ենթատեքստում մեծանում է նաեւ Հարավային Կովկասի դերը»,- ընդգծեց Չուգասզյանը։
Նա նշեց, որ առաջիկա 10 տարիները շատ կարեւոր են Իրանի, Հարավային Կովկասի եւ բնականաբար Հայաստանի համար։ 5-7 տարվա հեռանկարով Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը, ըստ մասնագետի, ուշացած կլինի։ «Անհրաժեշտ է օգտագործել նաեւ Իրանի հայկական համայնքը։ Հայաստանը մրցունակ հնարավորություններ ունի Իրանի հետ նախագծերի իրացման համար»,- հավելեց նա։





























