Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք եւ արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը եւ պրոֆեսորադասախոսական կազմը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարեւորել է նման ձեւաչափով քննարկումը` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները վերհանելու եւ զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն եւ ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում գործադիրն ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը եւ ակտիվ համագործակցությունը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման աննախադեպ քննարկում նախաձեռնելու համար, որը լավ հնարավորություն է ՀՀ ագրոպարենային ոլորտի զարգացմանը վերաբերող առաջարկությունները ներկայացնելու եւ քննարկելու համար: Նա տեղեկատվություն է ներկայացրել ՀԱԱՀ գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ագրարային կրթական, գիտական եւ խորհրդատվական համակարգերին ներկայացվող պահանջները հիմնականում պայմանավորված են ոլորտի ներկա վիճակով, առկա հիմնախնդիրներով եւ զարգացման ռազմավարական  ծրագրերով: Բուհում իրականացվող գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (2014 թ.՝ 257.56 մլն ՀՀ դրամ): 2015թ. մարտին ՀԱԱՀ-ը 4 տարի ժամկետով ստացել է պետական հավատարմագրում: Բուհն ունի 4 մասնաճյուղ՝ Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում եւ Արցախում, այժմ ուսանողների թիվը հասնում է 12800-ի:

Համալսարանում նորացվել են գործող լաբորատորիաների սարքավորումները, ստեղծվել է 6 նոր մասնագիտացված լաբորատորիա: Ընդհանուր առմամբ 2005-2015 թթ. ՀԱԱՀ խորհրդատվական եւ տեղեկատվական համակարգի կողմից ՀՀ 10 մարզում իրականացվել է 465 ծրագիր, որին մասնակցել են շուրջ 35000 ֆերմեր, հողօգտագործող, վերամշակող եւ այլն: Անդրադառնալով ագրոպարենային ոլորտում գիտական մշակումներին եւ արտադրությունում դրանց ներդրման վիճակին ու խնդիրներին՝ ՀԱԱՀ ռեկտորը նշել է, որ վերջին տարիներին բուհում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ եւ սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում եւ պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության եւ այլ ոլորտներում:

Զեկուցումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են պետական ագրարային քաղաքականության առաջնահերթություններին, գիտական արդյունքների նյութականացմանը, արտադրության առաջնահերթ ճյուղերի ընտրությանը, տնկարանային տնտեսության զարգացմանը վերաբերող եւ այլ հարցեր:

Վարչապետը ողջունել է ագրարային համալսարանի գործունեության արդիականացմանն ուղղված քայլերը ու գիտական նվաճումները, բայց միաժամանակ անհրաժեշտ համարել առարկայական քայլերի ձեռնարկումը եւ գիտական ձեռքբերումների հենքի վրա կոնկրետ նպատակային ծրագրերի իրականացումը: Ագրարային գիտություն-արտադրություն կապի սերտացման համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության ակտիվացումը եւ համակարգված համատեղ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է համատեղ ակտիվ աշխատել տեսանելի արդյունքների հասնելու համար: «Մենք՝ կառավարությունը եւ գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել եւ ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք եւ արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», - նշել է վարչապետը: Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ ներկայացնել ՀՀ կառավարություն: