Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը այսօր՝ օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։ (ֆոտոռեպորտաժ)
Դատավճիռը ընթերցելով՝ դատավոր Ալեքսանդր Շելդյաեւը հայտնել է, թե ամբաստանյալը մեղսունակ է եւ նրա մեղքը լիովին հաստատված է։
Հարավ-արեւելյան օկրուգի ռազմական դատախազ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն Պերմյակովի համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վալերի Պերմյակովին մեղադրանք է ներկայացվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ մասով, 226-րդ հոդվածի երրորդ մասի «գ» կետով եւ 222-րդ հոդվածի առաջին մասով։ Զինվորական լինելով, նա այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ լքել է ծառայության վայրը զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, զենքով եւ զինամթերքով զինված։
Հիշեցնենք, որ դատազորության եւ փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ 1997 թվի օգոստոսի 29-ին կնքված Համաձայնագրի հիման վրա, որը վերաբերում է ՀՀ տարածքում տեղակայված ռազմական բազային, հուլիսի 13-ին քրեական գործի այն նյութերը, որոնք վերաբերում են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը, փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին։





























