Օգոստոսի երկրորդ կեսից կսկսվի Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի գործնական փուլը՝ շինարարությունը:
Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն. եվրո գումարը կտրամադրի իրանական կողմը: Օգոստոսի 9-ին Թեհրանում, Իրանի Արտահանման Զարգացման Բանկի եւ ՀՀ ԷԲՊՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է Ֆիանասական պայմանագիր, որի համաձայն վերոնշյալ գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «SUNIR» ընկերությունը, որի հետ, օգոստոսի 12-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ստորագրել է շինարարության պայմանագիր:
Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնելու նպատակով, նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման համաձայնությունը ձեռք էր բերվել դեռեւս 2004 թվականի դեկտեմբերին: 2006 թվականի մայիսին արդեն երկու երկրները ստորագրել էին կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Կազմակերպչական ու նախագծային որոշ աշխատանքներից հետո, 2013 թվականի սկզբին, Իրան–Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ֆինանսավորումը կասեցվել էր: Նախորդ տարեվերջին հայկական ու իրանական կողմերի միջեւ ակտիվ բանակցությունների արդյունքում որոշվեց վերսկսել ծրագրի ֆինանասավորումը:
Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:
«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի» եւ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1000ՄՎտ-ի եւ կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային եւ կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանի խոսքով, Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ գիծը կմեծացնի նաեւ տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունները, այսինքն Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ, ինչու չէ, նաեւ Թուրքիայի էներգետիկ համակարգերը հնարավորություն կունենան միանալ ու աշխատել զուգահեռ:
Իրան-Հայաստան է 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեվում է ավարտել 24 ամսում:




























