Հայ ռուսական հարաբերությունները վերելք են ապրում առանց բացառության բոլոր բնագավառներում: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու հավելել. «Խոսքը ոչ թե պարզապես բարձր մակարդակի հարաբերությունների, այլ ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների մասին է: «Մենք դաշնակիցներ ենք նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան ոչ միայն կվերահաստատի այդ մակարդակը, այլեւ կնշանավորվի մի շարք նոր պայմանավորվածություններով, որոնք կխորացնեն մեր ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային հարաբերությունները»:
Այնուհետեւ անդրադառնալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցելության օրակարգին, Լավրովն ասել է. «Երբ հանդիպում են նախագահները, նրանք քննարկում են մեր հարաբերությունների ամբողջ սպեկտորը: Այդպես կլինի նաեւ այս անգամ: Երկու կողմից պատրաստվող նյութերն ընդգրկում են ե’ւ քաղաքական ոլորտը, ե’ւ ռազմական-ռազմավարական, ե’ւ տնտեսական, ե’ւ մարդասիրական…մի խոսքով, այն բոլոր բնագավառները, որոնք հատուկ են երկու շատ մտերիմ պետությունների հարաբերություններին: Քննարկումներից դուրս չեն մնա նաեւ տարածաշրջանային, միջազգային խնդիրները: Մենք սերտորեն համագործակցում ենք ոչ միայն հետխորհրդային տարածքում` ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, որտեղ, ի դեպ, Հայաստանը դիտորդ է, այլեւ բազմաթիվ բազմակողմ կառույցներում` ինչպես Եվրոպայում (ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ), այնպես էլ ՄԱԿ-ում: Այնպես, որ իրադրությունն աշխարհում այսօր բավականին բարդ է, եւ երկու նախագահները, համոզված եմ, քննարկելու խնդիրներ ունեն նաեւ այս առումով»:



























