Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 23-25-ին Չինաստանում կմասնակցի տնտեսական մեծ համաժողովի, որի շրջանակում աշխատանքային հանդիպում կունենա Չինաստանի վարչապետի հետ ու կքննարկի Իրան-Հայաստան երկաթուղու հարցը: Այս մասին օգոստոսի 17-ին «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, Հայաստանը ենթակառուցվածքների խնդիր ունի: «Մենք դեպի ծով ելք չունենք: Մեծ աշխատանք է տարվում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ուղղությամբ: Մի քանի ամիս առաջ նախագահն այցելեց Չինաստան եւ այդ հարցով նախնական քաղաքական համաձայնություն ձեռք բերեց: Դա արտահանումը խթանելու, միանգամից Ասիա, ինչու չէ՝ նաեւ Եվրոպա դուրս գալու լավ հնարավորություն է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ խոսքը նախագծում չինական հնարավոր ներդրումների մասին է: