Սեւանա լճից Իրանին ջուր մատակարարելու մասին լուրերն անհիմն են եւ անհեթեթ: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված լուրերի վերաբերյալ հարցին:

«Բնականաբար, այդպիսի բան չկա եւ չի կարող լինել»,- հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Իրանը մտադիր է Հայաստանի եւ Վրաստանի ջրամբարներից ջուր գնել՝ երկրի հյուսիս-արեւմտյան Ուրմիա լիճը վերականգնելու համար: Իրանական պետական ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում այս լուրերը հերքել էր նաեւ լճի վերականգնման հարցերով զբաղվող գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին: