Հայ–իրանական երկաթուղու կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն երկիրը դուրս կբերի թուրք-ադրբեջանական շրջափակումից:  Այս մասին այսօր`օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս ծրագիրը Հայաստանի համար ունի չափազանց մեծ կարեւորություն, ռազմավարական եւ հոգեբանական նշանակություն: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս ծրագիրն իրականացնենք,  Հայաստանը տարածաշրջանային խաչմերուկ դարձնենք եւ թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս բերենք: Շատ ողջունելի է, որ մեր Կառավարությունը փորձում է ակտիվորեն համաֆինանսավորում գտնել այս ծրագրի համար»,-ասաց նա:

Նշենք, որ  երկաթուղու կառուցումը ծրագրվում է իրականացնել 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար: 2013թ. Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: