Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումով Հայաստանը տեսանելի ապագայում իրեն եւ ԼՂ-ին զերծ կպահի Ադրբեջանի հետ պատերազմից: Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա միաժամանակ հավելեց, որ եթե նախորդ եւ այսօրվա իշխանությունները կարողանային երկիրը «ճիշտ ռելսերի» վրա դնել եւ ստեղծել ինքնաբավ պետություն, ապա Հայաստանը դժվար թե այլ երկրի ռազմական հովանավորության կարիքն ունենար:

«Եթե Հայաստանի առաջին նախագահն իսկապես թալանի ենթարկեց երկիրը, երկրորդ նախագահը՝ օլիգարխացրեց, ապա երրորդը խորը մտածմունքի մեջ է: Այսինքն, ոչ մի կերպ չի կարողանում որոշել, թե ի՞նչ ռադիկալ քայլեր են անհրաժեշտ, որոնք կարող են իրականությունը փոխել»,-նշեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը, համաձայնելով երկարացնել ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները, ճիշտ որոշում է կայացրել: «Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն ռազմատենչ հռետորությամբ է զբաղվում, այլ այնքան է խորացել իր խոստումների մեջ, թե անպայման զենք ու զրահով պետք է հետ բերի Ղարաբաղը, որ այսօր նրա ախորժակը զսպելու համար Հայաստանը հավանաբար այլեւս ուրիշ հնարավորություն չունեցավ, քան ռուսական ռազմաբազաների ժամկետը երկարացնելը»,-մանրամասնեց ՀԴԿ ղեկավարը:    

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների ժամկետը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: