Երևանի «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, առեւտրականներից պահանջել է ազատել տոնավաճառի բացօթյա տարածքը և առևտուրն իրականացնել «Մալաթիա» տոնավաճառի շուկայի փակ տարածքում: NEWS.am-ի հետ զրույցում առևտրականները ասացին, որ այսօր առավոտյան մի խումբ ոստիկաններ գնացել են շուկա և պահանջել հավաքել իրենց ապրանքն ու ազատել տարածքը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքը երթեւեկելի ճանապարհ է և անթույլատրելի է այնտեղ առևտրով զբաղվելը:
Գուրգեն Հարությունյանը, որն արդեն 25 տարի այդ տարածքում միրգ ու բանջարեղեն վաճառելով է կարողանում իր ընտանիքը պահել, բողոքեց, որ իշխանություններն այս քայլով ուզում են գյուղացիներին փող վաստակելու միակ միջոցից զրկել:
«Մենք դիմադրեցինք ոստիկաններին, թույլ չտվեցինք, որ մեզ հեռացնեն, նրանք մեզ 2 օր ժամանակ տվեցին, որ տարածքն ազատենք: Չգիտենք, թե ինչ ենք անելու: Մեզ ասում են` գնացեք ներս, բայց ներսում հազիվ 10 առևտրական տեղավորվի, բա մյուսներն ի՞նչ են անելու»,-ասաց նա:
Նշենք, որ «Մալաթիա» տոնավաճառի և դրսում, և ներսում տարածքի վճարը մեկ օրվա համար նույնն է ՝ 700 դրամ:











