ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Ռուսաստանի նախագահ` Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Երեւան ժամանած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովին եւ «Հարվկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունից:
Մանուկ Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական կապերի սերտացման եւ համագործակցության խորացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ թվում` երկաթուղու հետագա զարգացման, ներդրումային ծրագրի, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ երկաթգծի կանոնադրությանը եւ օրենսդրական դաշտի կարգավորման խնդրին:
Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման եւ նախագծման աշխատանքների պատրաստման եւ Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղային հատվածի շինարարության հարցերին:



























