«Հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն, իրոք, դարերի պատմություն ունեն: Եւ որ ամենակարեւորն է` այդ  դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են»,- այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահական նստավայրում, ի պատիվ ՌԴ նախագահի եւ նրա տիկնոջ տրված պետական ընթրիքի ժամանակ:

Նախագահ Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնավ Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում`  բարոյական եւ մարդկային մեծ աջակցություն ցուցաբերելով:

 «Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում` իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաեւ մարզերի եւ մարդկանց միջեւ ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարեւոր է եւ գնահատելի:

Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է»,- ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ Նախագահի պատվին տրվող պետական ընթրիքին մասնակցել են ՀՀ եւ ՌԴ նախագահները` իրենց տիկնանց հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: