Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ուղղաթիռով վայրէջք են կատարել Հայաստանի իր մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալու է «Պատվո բլուր» համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Համալիրը նվիրված է 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված 156 ռուս սպաների հիշատակին:
«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանատուն է, որ ստեղծվել է 1856թ. Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով: Հետագայում այդ տարածքում կառուցվել է Սուրբ Միխայիլի մատուռը:
Նշենք, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը: Օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրվել է ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը:
Ռուսական կողմից այն ստորագրել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հայկական կողմից՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (պայմանագրի հոդվ. 25), ռուսական ռազմակայանը Հայաստանում կմնա 49 տարի, նախկին 25-ի փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմակայանը բացի «ՌԴ շահերի պաշտպանության ապահովումից», այժմ ապահովելու է նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակով Հայաստան են առաքվելու «ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն, ռազմական (հատուկ) տեխնիկա»:




























