Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների զորախմբի առաջին հերթափոխը ժամանել են Երեւան: Խաղաղապահները Գերմանիայի Քյոլն քաղաքաից Երեւան են ժամանել օգոստոսի 19-ին՝ գերմանական օդուժի ռազմատրանսպորտային ինքնաթիռով:

Նշենք, որ 2010թ. հունվար ամսից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը թույլ չէր տվել Աֆղանստանից Հայաստան թռչող գերմանական ինքնաթիռին մտնել իր օդային տարածք: Ինքնաթիռը, որը Երեւան էր տեղափոխում հայ խաղաղապահների հերթափոխը, պետք է Երեւանում վայրեջք կատարեր օգոստոսի 18-ի երեկոյան ժամը 20:30-ին: Սակայն այն Երեւանի փոխարեն ուղեւորվել էր Քյոլն: 

Նկատենք, որ մինչ օրս Հայաստանը որեւէ կերպ չի խոչընդոտել Թուրքիայից Ադրբեջան, ինչպես նաեւ Ադրբեջանից Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների չվերթները: