Ռուսաստանը երբեք ուղիղ պատասխան չի տա ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողություների վերսկսման դեպքում իր գործողությունների մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ հենց այդ հարցն է հուզում ոչ միայն Երեւանին եւ Ստեփանակերտին, այլ նաեւ Բաքվին։ «Սակայն այս առումով սպասել Մոսկվայի ուղիղ պատասխանին, չարժե, որովհետեւ ինչպիսին էլ այն լինի, կփչացնի Ռուսաստանի հարաբերությունները հակամարտության կողմերից մեկնումեկի հետ: Բացի այդ, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավոր չէ պատասխանել նման ուղիղ հարցերի»,- նկատեց Զատուլինը՝ խորհուրդ տալով ուղիղ հարցերի համար ուղիղ պատասխաններ փնտրելու փոխարեն վերլուծել փաստերը։ «ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի Երեւանում անցկացնելը եւ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցով Հայաստան ժամանելը, որի ընթացքում ստորագրվեց ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման մասին պայմանագիրը, շատ բանի մասին են խոսում»,- ամփոփեց խորհրդարանականը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Մոսկվայի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը վտանգ սպառնալու դեպքում, ընդգծել էր, որ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ունի իր հստակ պարտականությունները, որոնց շատ լուրջ է վերաբերում։