Նոր ատոմային բլոկի վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի հետ, ենթադրում է, որ ռուսական կողմը մասնակցելու է ատոմակայանի կառուցմանը եւ ունենալու են ուղղակի ներդրում։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով, նախնական գնահատականներով այդ մեծ ծրագիրը ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում։ «Մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր։ Մենք համագործակցելու ենք մեր գործընկերների հետ. լինելու է նոր կոնֆիգուրացիա, նոր նախագիծ, որից հետո մենք մեր հանրությանը ավելի հստակ կներկայացնենք մանրակրկիտ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը։ Բայց ակնհայտ է, որ ատոմակայանի կառուցումը ենթադրում է մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում։ Դա լինելու է ժամանակակից ատոմակայան, որն էապես ավելացնելու է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները։ Դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ»,- ասել է նա, հիշեցնելով, որ Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ նոր կառուցվելիք ատոմային էներգաբլոկի հզորությունը լինելու է 1000 մեգավատտ։

Հարցին, թե հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ի՞նչ ծրագրեր կան, Տ. Սարգսյանը կարեւորել է երկու ուղղություն. «Առաջին` մենք փորձում են ընդլայնել համագործակցության ոլորտները։ Անհարժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունները, եւ դա նշանակում է, որ դիվեսիֆիկացիայի պետք է ենթարկվի նաեւ մեր օրակարգը, այսինքն` պետք է ընդգրկվեն նոր հարցեր. հարցեր, որոնք ենթադրում են մեր տնտեսությունների մոդեռնիզացիան, ինովացիոն համատեղ պրոեկտների իրականացումը, եւ այդ ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուղղակի կապերին մեր մարզերի եւ ռուսական մարզերի միջեւ։ Նախորդ մեր միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի էր ունեցել Յարոսլավլում, մյուս նիստը տեղի է ունենալու Եկատերինբուրգում եւ, բնականաբար, դա նպաստում է նրան, որ մեր մարզերը ուղղակի համաձայնագրեր են կնքում Ռուսաստանի մարզերի հետ եւ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է դառնում»։