Բուշերի ատոմակայանի գործարկումը Իրան - Հայաստան էներգետիկ համագործակցության վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Մասնավորապես, փորձագետի խոսքով, գազի եւ էլեկտրաէներգիայի մասով արդեն իսկ կնքված պայմանագրերում ծավալների փոփոխություններ չեն լինի: «Ես կարծում եմ, որ Բուշերի ատոմակայանի թողարկումը այդ առումով որեւիցե էական բան չի փոխի», - ասել է նա:

Արա Մարջանյանը շատ կարեւոր է համարել Բուշերի ատոմակայանի գործարկումը` այն դիտելով տարածաշրջանում իրականացվող միջուկային ծրագրերի ընդհանուր համատեքստում:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հայ - իրանական համագործակցություն հենց միջուկային, մասնավորապես` Բուշերի ատոմակայանի գործունեության ոլորտում` հաշվի առնելով Հայաստանի կուտակած փորձը, Արա Մարջանյանը արձագանքել է, թե երկարաժամկետ հեռանկարում միգուցե հայկական կողմն այստեղ բան ունենա առաջարկելու կադրերի պատրաստման ուղղությամբ: «Ես գիտեմ, որ մեր Ատոմային էներգետիկայի ինստիտուտում բավական լուրջ սիմուլյացիոն մոդելավորումային հնարավորություններ ունեն, կադրերը բավական պատրաստված են, այդ առումով միգուցե, թրեյնինգի առումով որոշակի հեռանկարներ կարող են ունենալ»,- ասել է փորձագետը:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարում համագործակցությանը, փորձագետի խոսքով, դրա մասին կարելի կլինի խոսել, եթե Հայաստանն ի վիճակի լինի ատոմային վառելիք արտադրել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, օգոստոսի 21-ին Իրանը սկսել է  Ռուսաստանի աջակցությամբ Բուշերում կառուցված ատոմակայանի լիցքավորումը: