Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 23-ին, Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե 2010» երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-ից 30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, եւ Ջավախքից։
Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ տարին առանձնահատուկ է համահայկական բնույթ ունեցող երիտասարդական միջոցառումների առատությամբ եւ կառավարությունը ջանքեր չի խնայի, որպեսզի խթանի երիտասարդական շարժումը Հայաստանում։ Ըստ նրա` «Բազեի» երիտասարդական հավաքները կարող են լավագույն գործիքներից մեկը հանդիսանալ` համախմբվելու, երիտասարդական շարժման մեջ համատեղ ծրագրեր մշակելու, նոր մշակույթ ներդնելու առումով։
Տիգրան Սարգսյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է նաեւ Անկախության Հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ.«Օրն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին։ Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձեւավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքերը»:
Վարչապետն իր խոսքում ընդգծել է նաեւ երիտասարդության որակյալ կրթություն ստանալու կարեւորությունը. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը եւ գիտելիքին։Ժամանակակից աշխարհը, միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլ առաջին հերթին ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք դեռեւս անելիքներ ունենք»:
Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «25 ակումբ» միջազգային կազմակերպություն նախաձեռնած «Կամավոր, անվարձահատույց արյունատվության քարոզչություն» ակցիայի շրջանակում արդեն երրորդ անգամ արյուն է հանձնել։



























