Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն ցավակցություն է հայտնել նախօրեին նախկին ոստիկանի կողմից Մանիլայում պատանդ վերցված հոնկոնգցի զոհված զբոսաշրջիկների ընտանիքներին, հայտնում է Philippine Daily Inquirer թերթը։
«Մենք ցանկանում ենք մանրամասնորեն հետաքննել կատարվածը»,- հայտարարել է Ակինոն՝ ավելացնելով, որ երկու զուգահեռ հետաքննություն կհանձնարարի արդարադատության նախարար Լեյլա դե Լիմային եւ երկրի ղեկավարի արդարադատության հարցերով գլխավոր խորհրդական Էդուարդո դե Մեսային։
Հայտնի է, որ ողբերգության զոհ է դարձել ութ մարդ: Ֆիլիպինյան Կարմիր Խաչը հայտնել է, որ եւս յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մանիլայի հիվանդանոցներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ոստիկանության նախկին աշխատակից՝ 55–ամյա Ռոլանդո Մենդոզան, Մ–16 ինքնաձիգով զինված, ներխուժել էր տուրիստական ավտոբուս եւ պահանջել, որ վերականգնեն իրեն իր նախկին աշխատանքում։
Երեք ժամ տեւած բանակցություններից հետո, ոստիկանը ազատ է արձակել վեց, այնուհետեւ եւս երեք պատանդների։
Ավելի ուշ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Մենդոզան վիրավորել է մի ոստիկանի, կրակ բացել պատանդների ուղղությամբ, իսկ հետո սպանվել դիպուկահարի կողմից։
Չինաստանի Սյանգան շրջանում (Հոնկոնգ) երեքշաբթի սգո օր է հայտարարվել։ Հոնկոնգը Ֆիլիպինները զբոսաշրջիկների համար «սեւ գոտի» է հայտարարել։




























