Թուրքիան ներկայումս այլատյացության շատ վտանգավոր վերածնունդ է ապրում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, Թուրքիայում այսօր քաոս է տիրում, եւ դա տեղի է ունենում, քանի որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է միանձնյա իշխանություն հաստատել երկրում: «Այդ ամենը նպաստում է ողջ տարածաշրջանում լարվածության մեծացմանը»,-ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ խոշոր ահաբեկչությունից հետո, որի ժամանակ մահացել էին մեծ թվով քուրդ երիտասարդներ, իրավիճակը երկրում կտրուկ սրվել է: Թուրքիայի իշխանությունների եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) միջեւ հրադադարը խզվել է, թեժ բախումներ են տեղի ունենում:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ հունիսին կայացած ընտրություններում մեծամասնությունից զրկված Էրդողանի կուսակցությունը չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձեւավորել: