Երեւան կենտրոնում` Մոսկովյան փողոցում, կա մի շենք, որն առանձնանում է մայրաքաղաքի բոլոր շենքերից եւ եվրոպական տրամադրություն ստեղծում։ Շենքի առաջին երեք հարկերի արտաքին պատերը ծաղկապատ են։
Նախագծի հեղինակը Green Lad ընկերությունն է, սա նրանց առաջին փորձն է, որն իրականացրել են նույն շենքում գործող ծաղկի սրահի պատվերով։
Ընկերության փոխտնօրեն Տիգրան Ղարաջյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն իրականացնելու համար բնակարանների դրսի պատերին մոտ 2500 ծաղկաման են տեղադրել։
Չինաստանում, Թայվանում, ԱՄն–ում, Կանադայում ու եվրոպական շատ քաղաքներում տարածված այս մշակույթն առաջին անգամ է Հայաստանում կիրառվում։
Ծաղիկները ջրվում են ավտոմատ ոռոգման համակարգով, իսկ գիշերվա ընթացքում լուսավորվում գունավոր լույսերով։ Տիգրան Ղարաջյանը նշեց, որ ծաղիկներն աշնան ընթացքում կչորանան, պլանավորում են գարնանը նոր ծաղիկներ տնկել։
«Հնարավոր է, որ այս գարնանը այնպիսի ծաղիկներ տնկենք, որ ձմռանը դիմանան ու ամեն տարի փոխելու կարիք չլինի»,– ասաց նա։
Նախագիծը մեծ արձագանք է գտել, Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները, փոխտնօրենի խոսքով, հետաքրքված են, սակայն նրանցից դեռ պատվերներ չեն ստացել, ինչը բացատրվում է նրանով, որ շենքի նման ծաղկապատումը բավական թանկ հաճույք է։











