Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կարեւոր տվյալներ են ստացել։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 17–ին, Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում կայացած փորձաքննությունից հետո լրագրողներին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, որը ներկա էր եղել փորձաքննությանը։
Ընդգծելով, որ իրենք իրավունք չունեն հրապարակել այսօրվա փորձաքննության ընթացքի մասին տեղեկություններ` փաստաբանը միայն ասաց, որ իրենք ձեռք են բերել շատ կարեւոր տվյալներ, որոնք հետագայում իրենց պետք կգան դատավարության ընթացքում` տարբեր հարցեր տալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար։
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ փորձաքննությունն իրենց համար նոր վարկածների տեղիք է տվել, սակայն արդյունքները կամփոփեն եզրակացությունները ստանալուց եւ ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո։
«Մինչեւ այս պահը որոշ հանգամանքներ այլ կերպ էինք ընկալում։ Որոշակի հակաասություններ կան, կան նաեւ համընկնումներ։ Այսօր մենք կարծիք չենք հայտնի, որովհետեւ այլ նյութերի համադրության հետ այդ կարծիքը հնարավոր է փոխվի։ Ավելորդ տարակարծությունների տեղիք չտալու համար ճիշտ կլինի ամբողջությամբ ուսամնասիրենք, նրա ցուցմունքը կետ առ կետ համեմատենք այն հանգամանքների հետ, որոնք օբյեկտիվ ապացույցներով կարողացել ենք հաստատել։ Դրանից հետո միայն կարող ենք ասել, թե ինչքանով են Պերմյակովի ցուցմունքներն արժանահավատ, որքանով նա կարող է ճիշտ ցուցմունքներ տալ եւ որքանով է հակված ճիշտ ցուցմունք տալու»,– ասաց Երեմ Սարգսյանը։
Պերմյակովին Ավետիսյանների տուն տանելու եւ այնտեղ փորձաքննություն անցկացնելու միջնորդություն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ներկայացրել, քանի որ դրա անհրաժեշտությունն առայժմ չկա։ Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ եթե փորձաքննության արդյունքները ստանալուց հետո ցուցմունքները համադրելու անհրաժեշտություն լինի, իրենք նման միջնորդություն կներկայացնեն։
Հիշեցնենք, որ փորձաքննություն անցկացնելու միջնորդություն էին ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օգոստոսի 12 ին ռուսական կողմի անցկացրած դատավարության ժամանակ Պերմյակովի պահվածքը։ Նախաքննական մարմինը բավարարել էր միջնորդությունը։
Նշենք, որ ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը հոգեպես առողջ էր ճանաչվել, թեեւ արձանագրվել էին որոշ շեղումներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:











