Իրանը պատրաստվում է նավթի ու գազի դիմաց ջուր ներկրել Հայաստանից ու Վրաստանից՝ Ուրմիա լիճը վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ալիլուն:
Նրա խոսքով, Սեւանա լիճը Հայաստանում եւ Կուր գետը Վրաստանում այն ռեսուրսներն են, որոնք կարող են ջուր տրամադրել Ուրմիա լճի համար, հաղորդում է «Tehran Times»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությունը: Գիտնականներն արդեն հետազոտություն են իրականացրել, պարզելու համար Հայաստանից ու Վրաստանի ջրի մատակարարման հնարավորությունը, հավելել է պատգամավորը:
Իր հերթին, Ուրմիա լճի վերականգնման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Խալիլ Սային նշել է, որ պլանը դեռ պետք է վերջնականապես հաստատվի, քանի որ ոմանք դեմ են հանդես գալիս այդ նախագծին:
Հարցն արդեն քննարկվել է Իրանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների միջեւ այս ամսվա սկզբին: Քննարկվում է նաեւ ջրի ներկրումը Վանա լճից:
Նշենք, որ Ուրմիա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին: Վերջին 13 տարիներին լջում ջրի մակարդակն իջել է 6 մետրով եւ այն կորցրել է ջրի 85 տոկոսը:





























