Ադրբեջանի կառավարությունը շուտով իր դիրքորոշումը կհայտնի Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագրի կապակցությամբ: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր՝ ստորագրված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, վերաբերվում է միայն այդ երկրներին, բայց զենքի քանակությունը տարածաշրջանում միայն իրենց չի վերաբերում: Այդ հարցերը կարգավորվում են ԵԱՀԿ հայեցակարգերով»,- ասել է նա եւ հավելել, որ «ներկայումս ներկայացված քվոտաների համապատասխանությունը ստուգվում է ադրբեջանցի ռազմական փորձագետների եւ ԵԱՀԿ պաշտոնյաների կողմից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























