Միջազգային ռոումինգ սակագների ոլորտում ռուսական կողմի հետ համատեղ մշակվող համակարգը թույլ կտա, որպեսզի առաջիկա 3 տարիների ընթացքում միջազգային հեռախոսակապի ծառայությունները հավասարվեն, կամ մոտ կլինեն տվյալ երկրի ներքին տարիֆներին: Այս մասին Մոսկվայում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով երկորյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:

Նրա խոսքով, խոսքը միջազգային հեռախոսակապի ծառայությունների այսօրվա արժեքի՝ մոտ վեց անգամ նվազման մասին է:

Ա. Շաբոյանը համաժողովում հանդես  է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եւ Ռուսաստանի մրցակցային մարմինների ակտիվ համագործակցության արդյունքները: Նա մասնավորապես խոսել է  ավիացիայի, երկաթուղային փոխադրումների, բենզինի, դեղորայքի եւ այլ ոլորտներում կատարված համատեղ ուսումնասիրությունների մասին՝ ընդգծելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակով է իրականացվում:

Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաեւ տնտեսական ոլորտի ձեռքբերումների համար ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  պարգեւատրվեց հատուկ շքանշանով:

Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք կօժանդակեն նվազեցնել ԵՏՄ տարածքում ապրանքային շուկաների մուտքի խոչընդոտները:

Նշենք, որ այս համաժողովը եզակի է, թե ներկայացուցչական կազմով եւ թե քննարկվող հարցերի լայն շրջանակով: Համաժողովին մասնակցում են երկու տասնյակից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, միջազգային փորձագետներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի հոբելյանական նիստ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: