ՀՀ քաղաքացիները բանջարեղենի իսկական սիրահարներ են։ Համենայնդեպս՝ մեր սննդի ռացիոնում բանջարեղենը էապես գերազանցում է մյուս մթերքներին, անգամ՝ կարտոֆիլին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ ՀՀ քաղաքացիները օրական օգտագործում են մոտ 860 գրամ բանջարեղեն եւ միայն 150 գրամ կարտոֆիլ։ Հայաստանցիներիս սննդակարգում երկրորդ տեղում կաթնամթերքն է՝ օրական 532 գրամ, երրորդում՝ ցորենը (հաց եւ ալյուր)՝ 403 գրամ։ Ի հավելումն դրա՝ մեր քաղաքացիները օրական օգտագործում են 279 գրամ միրգ, 132 գրամ միս եւ այլն։
Սակայն ամենաշատ կալորիաները մեր օրգանիզմն ստանում է ոչ թե բանջարեղենից, այլ հացից։ Օրական օգտագործած միջին կալորիայի քանակը գնահատվել է 3505 կիլոկալորիա, որից 1292-ը ստացվում է հացից։ Ընդհանուր առմամբ՝ հայաստանցիները մոտ 3 անգամ ավելի շատ հաց են օգտագործում, քան եվրոպացիները, սակայն անհամեմատ ավելի քիչ, քան մեր հարեւան ազգերը։



























