Հայաստանի կենտրոնական բանկն այսօր` օգոստոսի 25-ին հրապարակել է գնաճի սպասումների վերաբերյալ 2010 երկրորդ եռամսյակի հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են տնտեսության 3 հատվածներում՝ ֆինանսական կազմակերպություններ, տնային տնտեսություններ եւ իրական հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություններ։

Ամենահոռետեսները, պարզվում է, առեւտրային բանկերն են՝ նրանց 67 տոկոսն առաջիկա 12 ամսում գնաճը կանխատեսում են 5,5-8,5 տոկոս միջակայքում։ Համեմատության համար՝ վարկային կազմակերպություններից միայն 43 տոկոսն այդ միջակայքում գնաճային սպասումներ ունի։

Եթե հավատանք ԿԲ հարցումների հավաստիությանը՝ տնային տնտեսությունների 47,7 տոկոսը հավատում է պարենային ապրանքների գների կայունությանը։ Նշենք, որ հարցումը կատարվել է մինչ սպառողական շուկայում տեղի ունեցած վերջին ցնցումները։ Եթե հարցումներն անցկացվեն երրորդ եռամսյակում՝ ապա բոլորովին այլ պատկեր կունենանք։

Ցավոք՝ ԿԲ հրապարակման մեջ բացակայում են տվյալներ տնտեսության իրական հատվածի սպասումների վերաբերյալ։

Շուկայական տոկոսադրույքների առումով, առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների մեկ տարվա կտրվածքով կանխատեսումները հիմնականում կայուն մակարդակի պահպանման ուղղությամբ են։ Այնուամենայնիվ՝ բանկերն ակնկալում են արտարժույթով ներգրավված եւ տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների որոշ նվազում։