Հայաստանի ԿԳ նախարարությունը մշտապես ընդառաջել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրումը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտում: Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսիին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը:
«Իհարկե, կան դեռ բազում խնդիրներ հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները մշտապես եղել են արդար եւ պրոֆեսիոնալ»,-նշել է նախարարը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հնչած բարձր գնահատականի համար` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաեւ ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել եւ արագ լուծում է տվել իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ դիպլոմների փոխճանաչման հարցը, ինչպես նաեւ երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի, ԵՊՀ-ի եւ Թեհրանի համալսարանների միջեւ համագործակցության հնարավորությունը:





























