«Մալաթիա» բժշկական կենտրոնում անցած տարվա աշնանը առանց ձեռքի թաթիկների եւ ոտնաթաթի ծնված փոքրիկ Ռաֆայելը արդեն ծնողների հետ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Բարի մամա» հասարակական կազմակերպությունից:

Օրերս երեխայի ծնողները վերադարձել են Ռուսաստանից, գնացել մանկատուն՝ փոքրիկին տեսնելու, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Այնուհետեւ նրանց օգնել է «Բարի մամա» կազմակերպությունը, որի շնորհիվ երեխան արդեն տանն է:

Նշենք, որ երեխան գտնվում էր «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքի տակ:

«Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ փոքրիկը ծնվեց եւ ծնողներին այդքան կարեւոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն եւ կարող են հաղթահարել այս փորձությունը, բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին: Հետո փոքրիկի ծնողները մեկնել են Ռուսաստան բուժվելու, այդպես էլ չիմանալով, թե ինչ աղմուկ է բարձրացել: Սակայն երբեք իրենց չեն ներել եւ անընդհատ մտածել են Ռաֆայելի մասին»,- ասացին կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում 2014թ.-ի աշնանը կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտարձայնային հետազոտության է ենթարկվել: