«Ադրբեջանը չի կարող պատերազմի վերսկսման մասին հայտարարություններ չանել: Պիտի անի: Երկրորդն էլ, որ ուզենա, ինչո՞ւ չի կարա վերսկսի»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին: «Բայց, արդյոք, ԼՂՀ հարցով շահագրգիռ գերտերությունները դա թույլ կտա՞ն» հարցին էլ պատասխանել է. «Դրա համար էլ Ադրբեջանը նրանց անընդհատ ասում է, թե՝ չե՞ք կարողանում հարցը լուծել, ես կլուծեմ: Մի օր էլ կարող է ասի՝ այ ընկերներ, ես ձեզ հազար անգամ զգուշացրել եմ: Դրանով ինքն իր համար դաշտ է ստեղծում: Պատերազմի վտանգը կա ու կլինի»:
Հարցին, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն իշխանությունները համարում են Հայաստանի անվտանգության երաշխիք, իսկ ընդդիմությունը՝ գտնում է, որ այդպիսով վտանգվել է մեր երկրի ինքնիշխանությունը, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Ընդհանրապես ոչ մի բան էլ լավ չէ, եթե որեւէ պետություն մեր երկրում ուզում է իշխանություն բանեցնել: Այս 20 տարվա մեջ տվել ենք այնքան, որ այս դեպքում վերջնական, արդեն 100-րդ բանի մասին ենք խոսում: Տվել ենք ատոմակայանը, գազը, երկաթգիծը, հեռախոսը, տամոժնյաները, սաղ տվել ենք: Սաղ շորերդ տվել ես, մնացել ես չփլաղ մի բանով: Այսքան տվածների դեպքում արդեն նշանակություն չունի՝ սա կլինի, թե չի լինի»:




























