«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որոշ քաղաքական գործիչներ, հիմնականում ընդդիմադիր դաշտից, մտավախություն ունեն, թե Ռուսաստանը կվաճառի Ադրբեջանին C-300 համակարգը, եւ պնդում են, որ այդ պարագայում Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:

Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը թերթի թղթակցին ասել է. «Ընդդիմությունը նրա համար է, որ իշխանություններին քննադատի, բայց պետք չէ չափազանցության մեջ ընկնել: Ի՞նչ է նշանակում` եթե Ռուսաստանը Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային կայանքներ մատակարարի, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից:

Նախ, մատակարարելը մի բան է, վաճառելը` այլ բան: Հիմա, եթե Ադրբեջանն ունի այդ 300 միլիոնը, Ռուսաստանն էլ զենք վաճառող երկիր է, մանավանդ այդ զենքը հարձակողական չէ, հայկական կողմն ինչպե՞ս կարող է միջամտել նրանց գործերին: Այսօր ինչ-որ հիպոթետիկ ենթադրություններ են արվում, տարօրինակ «վերլուծություններ», թե այդ կայանքները Բաքվում տեղակայելու դեպքում Ադրբեջանն, իր թիկունքն ապահովելով, կարող է հարձակվել Ղարաբաղի վրա, կարծես հայկական կողմը վաղը-մյուս օրը պատրաստվում է Բաքուն գրավել:

Իմ կարծիքով, հակահրթիռային կայանքների վաճառքը Ադրբեջանին մտնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայմանավորվածությունների մեջ: Տեսեք` Ռուսաստանը նույն կայանքները տեղակայել է Աբխազիայում, Հայաստանի իր ռազմական հենակետում, եւ նույն կայանքները, ըստ էության, տեղակայում է Կասպից ծովի շրջանում: Այսինքն` Կասպից եւ Սեւ ծովի միջակայքում տեղադրում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր նախ եւ առաջ իր անվտանգությունն ապահովելու համար: Ըստ իս, դա կապված է Իրանի հետ:

Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Ռուսատանը C-300-ը վաճառում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի օդուժը զրկվի Ադրբեջանում գործելու հնարավորությունից, առավել եւս, որ հայկական օդուժը նման խնդիր չպետք է ունենա: Այնպես որ, պետք չէ երեւակայությանը զոռ տալ»: