Բելառուսների համար ընտրությունները պիտի տոն դառնան, իսկ օտարերկրացիները թող գնահատեն, ինչպես կուզեն։ Այդ մասին հայտարարել է Բալառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ընթացքում, փոխանցում է БЕЛТА-ի թղթակիցը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում խորհրդային ժամանակներից ի վեր սովոր են, որ ընտրությունները մարդկանց համար տոն լինեն։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ընտրությունների կազմակերպիչները չեն ձգտում այդ միջոցով  աջակցել ինչ-որ մեկին․ «Դա ոչ մի դեպքում չի կարելի անել։ Բելառուսները հիմար չեն, նրանք շատ լավ հասկանում են։ Երբ մենք սկսում ենք ավելորդ աջակցել  ինչ-որ մեկին, նրանց մոտ հարցեր են առաջանում՝ ինչի համար, ինչ նպատակով։ Դրա համար էլ պետք չէ հիմարություններ անել։ Պետք է  ընտրությունների գնալ այնպես, ինչպես կա, բայց հաշվի առնելով, որ դա քննություն է․ պետք է ամեն ինչ հղկել, ձգել եւ բարձր մակարդակով անցկացնել, որպեսզի մարդիկ ընտրությունների գնան այնպես, ինչպես տոնի են մասնակցում »։

«Իսկ օտարերկրացիները թող գնահատեն, ինչպես ուզում են․ դա նրանց գործն է եւ նրանց իրավունքը։ Նրանք դա ուրիշ կերպ են անում, շոուի նման։Մենք շոու կազմակերպելու կարիք չունենք »,-ավելացրել է Բելառուսի ղեկավարը։