Ռուսաստանը Ադրբեջանին C-300 համալիր չի վաճառել, սա պարզապես շրջանառության մեջ դրված տեղեկատվություն է։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա, սակայն, չբացառեց, որ ապագայում նման բան կարող է տեղի ունենալ։ «Եթե նման բան լինի, Հայաստանը կզրկվի Ադրբեջանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունից»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ մենք այս հարցը ռուսների հետ ճշգրտելու համար պետք է գնանք բացատրությունների ճանապարհով։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգող հայ-ռուսական նոր արձանագրությանը՝ Լեւոն Շիրինյանը ընդգծեց, որ տարածաշրջանում հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանն իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուզած, թե չուզած, պետք է մասնակից լինի դրանց։ «Բացի այդ, ռուսական ռազմական ներկայությունն ապահովում է հայկական բանակի արդիականացումը, ինչն էլ մեզ առավել անխոցելի է դարձնում»,- նկատեց քաղաքագետը։
«Ինչ վերաբերում է Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ, եթե հարցի շուրջ համաձայնության չգան Նախիջեւանի երկու երաշխավորները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Իսկ եթե թուրքական ռազմաբազան ամեն դեպքում տեղակայվի Նախիջեւանում, մեզ պատկանող հողերը վերադարձնելու հարցը ավելի սուր կդրվի եւ պատմական ճշմարտությունն էլ կվերականգնվի»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։



























