Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող, Նովգորոդի քրեական աշխարհի հեղինակություն Թելման Մխիթարյանը երեկ իրավապահների կողմից ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ծառայության աշխատակիցը նաեւ տեղեկացրեց, որ Թելման Մխիթարյանի ձերբակալման մասին տեղյակ են պահվել ինչպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, այնպես էլ ռուսաստանցի իրավապահները։ «Քրեական հեղինակությունը դեռեւս Հայաստանում է, նա էքստրադիցիայի չի ենթարկվել եւ այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում »,- հավելեցին լրատվական ծառայությունում։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող, Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը` Թելման Մխիթարյանը:
Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:
Ներկայումս, Հայաստանի իրավապահները լուծում են նրա էքստրադիցիայի հարցը:




























