Ադրբեջանի նախաձեռնությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգ ընդգրկել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն, իսկ արկածախնդրության հետեւանքները չեն կարող լուրջ լինել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին քվեարկվելիք բանաձեւը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման նախաձեռնությունները հստակ ցույց են տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ձախողելու եւ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու Բաքվի ձգտումը: «Սակայն ինչպես օրերս Երեւանում հայտնեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ նախագահող երկրների մեկի՝ Ռուսաստանի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը, խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա»,- հիշեցրել է Շարմազանովը:
Նշենք, որ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, որը ներկայացվելու է սեպտեմբերի 9-ին, մասնավորապես ասվում է «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության մասին»:




























