NEWS.am-ին հայտնի են դարձել Սեւան-Դիլիջան թունելում տեղի ունեցած հրդեհի զոհերի ու վիրավորների անունները: Ամբողջովին այրված ավտոբուսում են գտնվել վարորդը` 39-ամյա Գարիկ Սանիկի Մկրտչյանը, նրա կինը` 28-ամյա Քրիստինե Գարեգինի Վանյանը, նրանց 1 տարեկան որդին` Սուրիկ Գարիկի Մկրտչյանը, ինչպես նաեւ եւս 2 մարդ` 47-ամյա Կամո Ռազմիկի Շաբոյանը եւ 36-ամյա Նունե Ռոմիկի Աղաբեկյանը: Նրանք գնալիս են եղել Հաղարծին գյուղ:

Մայրն ու նրա գրկին գտնվող մեկամյա երեխան մահացել են, մյուս երեքը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: Վարորդը հայտարարել է, որ ճանապարհին ձայն է լսել, մեքենան կանգնեցրել է, պարզելու համար, թե ինչումն է խնդիրը, այդ ընթացքում մեքենայում հրդեհ է բռնկվել:

KBЗ մակնիշի ավտոբուսի համարանիշն է 04 ՏԼ 165: Ներկայումս ամբողջովին այրված ավտոբուսը դուրս է բերվել թունելից եւ գտնվում է թունելի հարեւանությամբ: Հավանաբար ավտոբուսը գյուղմթերքներ է տեղափոխելիս եղել, ավտոբուսում նկատելի են այրված ձմերուկների ու ցորենի հետքեր: Այս պահին ճանապարհը դեռ փակ է, բայց շուտով կբացվի:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ֆոտոռեպորտաժը կներկայացնենք ավելի ուշ: